Հայաստանի հասարակությունը 21-րդ դարի առաջին տասնամյակը արդեն հետևում թողած, համացանցի այս ժամանակներում, երբ հասու են աշխարհի բոլոր նորություններն ու նորարարությունները, երբ մարդը ձգտում է սեփական մարմնի և հոգու ճանաչողության սահմաններն ընդլայնելու, երբ առաջադեմ հասարակությունները վաղուց հատել են «չի կարելիի» եզրագիծը` կրկին ինքնաճանաչողության մղումներով, Հայաստանում ֆիլմի ցուցադրություն է չեղյալ համարվում: Նման բան մեր երկրում կարող էր լինել սովետի ժամանակ, երբ սեքսը որպես անբարոյականություն էր ընկալվում, իսկ ֆիլմերում դերասաններն ընդամենը թեթև համբուրվում էին, որի ժամանակ հայրիկները երեխաներին մի բաժակ ջրի էին ուղարկում:
Լարս ֆոն Թրիերի «Nymphomaniac» ֆիլմը, որը հայերենով տարբեր ձևով է ներկայացվում` հեշտամոլից մինչև նիմֆոմանուհի, ընդամենը ֆիլմ է, որով ռեժիսորն իր ասելիքն է փոխանցել աշխարհին: Ֆիլմը որպես պոռնո ներկայացնելը առնվազն ծիծաղելի է: Մի պարզ պատճառով`աշխարհում տարեկան հազարավոր պոռնոֆիլմեր են ստեղծվում, Լարս ֆոն Թրիերը այն ռեժիսորը չէ, ով իր ժամանակը կվատներ չգիտեմ որերորդական պոռնոն նկարելու համար: Իմա՞ստը: Հայկական տարբեր հեռուստաալիքներով, պատահում է, երբեմն-երբեմն հետաքրքիր ֆիլմեր են ցուցադրում: Այդ ֆիլմերում քիչ չեն, այսպես կոչված, բաց տեսարանները, որոնք ոմանց գնահատմամբ կարող են պոռնոյի շարքը դասվել: Նման մտածողներին մնում է հարցնել` դուք կյանքում երբևէ պոռնո դիտե՞լ եք: Այնպե՜ս, իմանալու համար, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Ինչ վերաբերում է «Սինեմա Սթար» կինոթատրոնին, այն ծիծաղելի վիճակի մեջ է հայտնվել` նախապես հայտարարված ցուցադրությունը չեղյալ համարելով: Նման բացառիկ հնարավորությունը բաց թողնելով՝ կինոթատրոնը կորցնում է մտածող, բարձրարժեք ֆիլմերի հանդիսատեսին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ